Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ:Էներգիան և կենդանի օրգանիզմները

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմայինէլեկտրականքիմիական, միջուկային և այլն:

  1. Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն:
1. Ջերմային էներգիա
Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

2. Էլեկտրական էներգիա
Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների:  

Օրինակ՝ էլեկտրաշարժիչներում էլեկտրական էներգիան վերածվում է մեխանիկական էներգիայի, ջեռուցիչ սարքերում` ջերմային էներգիայի, լուսավորող սարքերում` լուսային էներգիայի: Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում՝  հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում,  արևի մարտկոցներում:

3. Միջուկային էներգիա Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակա-յաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

4. Քիմիական էներգիա

Քիմիական էներգիան անջատվում է տարբեր նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով, ցանկացած վառելիքի այրման ժամանակ: Քիմիական էներգիայով են աշխատում, օրինակ, էլեկտրական մարտկոցները:

5. Ճառագայթային էներգիա

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

Էներգիան կարող է մի տեսակից փոխակերպվել մեկ այլ տեսակի: Հիդրոէլեկտրակայանում ջրի մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի, որն իր հերթին կարող է փոխակերպվել ջերմային, լուսային էներգիաների: Էներգիան կարող է մի մարմնից հաղորդվել մյուսին: Երբ շարժվող գունդը բախվում է անշարժ գնդին և շարժում է այն, նրան հաղորդում է իր մեխանիկական էներգիայի մի մասը։ Տաք և սառը մարմինների հպման ժամանակ տաք մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է սառը մարմնին և այլն։
Բազմաթիվ փորձերի արդյունքներով հաստատվել է, որ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այլ` մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի:Այս պնդումն անվանում են էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք:


2.Էներգիան և կենդանի օրգանիզմները

Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիան, ածխաթթու գազ և ջուր: Օրգանական նյութերի առաջացման ժամանակ անջատվում է թթվածին, այսինքն լուսային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։

Մարդը, կենդանիները և որոշ միկրոօրգանիզմներ անօրգանական նյութերից օրգանական նյութեր չեն ստեղծում։ Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։Նրանց համար այդ օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են և այդ նյութերի քայքայման ժամանակ անջատվում է էներգիա։ Այս էներգիան կենդանի օրգանիզմներում ծախսվում է այլ նյութերի սինթեզման, օրգանիզմի կառուցման, աճի, շարժման և կենսագործունեության համար։

Կենդանի օրգանիզմներում քիմիական էներգիայի մի մասը փոխակերպվում է էլեկտրական, լուսային, մեխանիկական և ներքին էներգիաների։Անջատված էներգիայի մյուս մասը ծառայում է օրգանիզմի տաքացմանը կամ արտահոսում է շրջակա միջավայր ջերմության ձևով: Հայտնի են որոշ բակտերիաներ կամ ցամաքային և ծովային կենդանիներ, որոնք էներգիան արձակում են լույսի ձևով:

Կատվաձուկը, օձաձուկը և որոշ ձկներ պաշտպանվելու, կողմնորոշվելու նպատակով օգտվում են էլեկտրական պարպումներից:
Այսպիսով, կանաչ բույսերը և բակտերիաների մի մասը ստեղծում են օրգանական նյութեր, իսկ մյուս կենդանի օրգանիզմները սնվում են այդ պատրաստի նյութերով:Տարբեր կենդանի օրգանիզմների միջև նման փոխազդեցությունները կոչվում են սննդային կապեր, որոնց իմացությամբ կազմվում են սննդային շղթաներ:Օրգանական նյութերի քայքայմանը մաս-նակցում է օդի թթվածինը: Թթվածնի սակավության դեպքում քայքայման ռեակցիաները դանդաղում են, ուստի պակասում է նաև էներգիան:

Լրացուցիչ տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով:
  2. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Ջերմային էներգիա

 Էլեկտրական էներգիա

Միջուկային էներգիա

Քիմիական էներգիա

 Ճառագայթային էներգիա

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիան, ածխաթթու գազ և ջուր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *